Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


151 տարի առաջ այս օրը ծնվեց Մեծն Կոմիտաս վարդապետը

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա - հոկտեմբերի 22, 1935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Աղբյուր՝ Վիքիպեդիա (ազատ հանրագիտարան)

 

Հրապարակվել է՝ 26.09.2020
Էջը դիտել են 619 անգամ


Օրիգինալ հղում՝


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: