Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


Կիլիկիայի հայերի պատմության թանգարան

Երբոր բացուին դռներն հուսոյ

Եւ մեր երկրեն փախ տա ձմեռ...

Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա ,

Աշխարհոր ինձ ետուր արեւ...

                                                                     ՆՌուսինյան  

Երազանք, որ կորուսյալ հայրենիքի հանդեպ անհուն կարոտով է լցնում ամեն մի հայի կարոտակեզ հոգին։ Երևակայական Կիլիկիան կդառնա իրական, եթե բացեք   Հաճընի  պատմության թանգարանի դռներն ու ներս մտնեք։

1978թ. հուշարձան-կոթողը, որը իր մեջ ներառում Էր նաև Հաճընի պատմության թանգարան, բացեց իր դռները։

  Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը Կիլիկիայի պատմության ու Կիլիկիայի մշակութային ժառանգության պահպանման գիտամշակութային եզակի օջախ է: Ուստի այստեղ գտնվող բազմաթիվ ցուցանմուշներ ժամանակագրության համար չափազանց կարևոր նշանակություն ունեն:  Այն իր գոյության 34 տարիների ընթացքում հանգամանալից լուսաբանել է Կիլիկիայի հայկական թագավորության փառահեղ պատմությունը, Հաճընի հերոսական անցյալի դրվագները։

  Թանգարանը ոչ միայն Նոր Հաճընի, այլ նաև Կոտայքի մարզի ամենահայտնի մշակութային օջախներից է, սրբատեղի` սփյուռքահայության համար և կարևոր օղակ` սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման համար:

   Թանգարանը նպաստում է.

-  Սփյուռքի հաճընցիության հետ բարեկամական կամուրջներ կապելուն: Դրա վառ ապացույցը Նոր Հաճըն եւ Շասս Սուղ Ղոն (Ֆրանսիա) քաղաքների եղբայրացումն է, - Հաճընի 1920թ.-ի հերոսամարտի ամենամյա տարեդարձներին նվիրված միջոցառումերի անցկացմանը, - Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700 -ամյակի եւ համահայկական խաղերին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, - մշակույթի բնագավառում Նոր Հաճըն համայնքի եւ Սփյուռքի գործարար շփումների իրականացմանը, - Արտագնա ցուցադրությունների կազմակերպմանը հանրապետության այլ բնակավայրերում եւ Սփյուռքի հաճընցիաշատ վայրերում:

   Թանգարանային հավաքածուն բաղկացած է 1952 թանգարանային առարկաներից, այդ թվում՝ հնատիպ գրքեր, հայատառ թուրքերենով Աստվածաշունչ,պատմական լուսանկարներ, կարևոր փաստաթղթեր, եզակի դրամներ և շատ ու շատ արժեքավոր այլ իրեր։ Դրանք պատմում են Կիլիկիայում 1920 թվականի հերոսական ինքնապաշտպանության, պատմական վայրերի ու դրանց անվանի բնակիչների, նրանց կենցաղի ու մշակույթի մասին: Բազմաթիվ ցուցանմուշներ, գրքեր ու լուսանկարներ շատ հին են, 100 տարուց ավելի պատմություն ունեն:

   Ցուցադրության նյութերը մեր պատմության ամենահետաքրքիր, բայց և բարդ ժամանակաշրջանի մասին են, ժամանակաշրջան, որը նշանավորվում էր աննախադեպ ջարդերով և մաքառումներով:

   Ամեն  տարի բազմաթիվ աշխարհասփյուռ հաճընցիներ այցելում են թանգարան,ուր և ապրում են մոխրացած հայրենիքի վերընձյուղման զգացողությունը:Թանգարանը լիքն է այցելուներով հատկապես համահայկական միջոցառումների օրերին, երբ աշխարհով մեկ սփռված կիլիկիացիների շառավիղները գալիս են Հայաստան: Աշխարհի տարբեր ծայրերից եկող հայերը իրենց նախնիների կարոտն ու Կիլիկիայի հայաշունչ ոգին են առնում` մեկ անգամ ևս ապրելով իրենց նախնիների փառավոր անցյալը։ Կիլիկիայի պատմամշակութային թանգարանը փարատում է վերապրող հայերի ցավը, մորմոքն ու կարոտը:              

Ո´վ իմ քնքուշ հավերժահաս Կիլիկիան

Տավրոսներու հսկա կոթող տիտանյան

Ո´վ իմ Հաճըն,գեղածիծաղ հայրենիք,

Քաղցրիկ անունդ պի´տ չմոռնան քու որդիք:

                                                         Արմենակ Գրաճյան

   Թանգարան տարեկան այցելում է մոտ 2000 մարդ:Այցելուները թանգարանի շնորհիվ կարող են ծանոթանալ Հաճընի պատմությանը և մշակույթային ու հայրենասիրական դասեր քաղել:

   Թանգարանի ֆոնդի հարստացմանը նպաստել է այն, որ Կիլիկիայի հաճընցիներն ու նրանց ժառանգները հաճընյան մասունքները հավաքել ու հազարավոր կիլոմետրեր անցնե­լով՝ մայր հայրենիք` Հայաստան, են բերել և պահ տվել թանգարանին։

  Ցուցանմուշների ձեռքբերման ու հարստացման գործում իրենց ավանդն ունեն Կիլիկիա­յի հաճընցի երևանաբնակ Թաթուլ Թաթուլյանը և թանգարանի առաջին տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը

   1988 թ. Արաքսյա Մարտիրոսյանին փոխարինած նոր տնօրեն էլիզա Մելիքյանը նույն նվիրվածությամբ ու սկզբունքներով է աշխատել։Նա հերոսամարտին նվիրված տարելիցնե­րին ու նաև այլ պատմական ու հիշարժան օրերին բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել, որոնց մեջ կարմիր թելի պես կարոտն ու էրգրի սերն է թևածել։

   Մեծ սիրով ու նվիրվածությամբ է նաև աշխատում այժմյան տնօրեն` կրթության և մշակույթի առաջատար մասնագետ, Հայաստան Սիմոնյանը։Նրա կատարած աշխատանքը,կատարած ներդրումը Նոր Հաճընի մշակույթի զարգացման գործում չափազանց բարձր գնահատականի է արժանի:

Հայաստանի «Հաճընո հայրենակցական միության» նախագահ Գրիգոր Գույումջյանի գլխավորությամբ Արամ Կոնստանյանը, Սուրեն Ճարատանյանը, Համլետ Թուրսարգիսյանը,Հովսեփ Թաթուլյանը, Լիպարիտ Ալմասակյանը, բարերար Նորիկ Սաթամյանը իրենց հոգու նվիրվածությամբ ու արյան կանչով կապված լինելով Հաճընի հետ՝ հաճախ էին այցելում՝ որպես փյունիկյան թռչուն մոխիրներից հառնած Նոր Հաճըն։ Այս լավագույն ավանդույ­թը հիմնվել է դեռևս 1955 թ. «Հաճընո հայրենակցական միության» նախագահ Գևորգ Կրբեկյանի կողմից,որն էլ այսօր շարունակում է Հովհաննես Գրիգորյանը։

Կիլիկիայի հայերի պատմության թանգարանում ցուցադրվող արժեքավոր բազմաթիվ լուսանկարների մեջ իրենց ուրույն տեղն ունեն Կիլիկիո Հաճընում ծնված ազգային ազա­տագրական պայքարի կազմակերպիչների՝ Աղասու (Կարապետ Թուրսարգիսյանի)Մորուք Ժիրայրի և Մեծն Մուրադի (Բոյաճյաններ) լուսանկարները: 

   Թանգարանում նաև նյութեր կան Կիլիկիո Հաճընի երևելիների՝ Շխրտմյանների, Գրքաշարյանների, Թերզյանների, Մանգրյանների և այլոց մասին:

   Ինչպես արդեն ասվել է,պատմական Հաճընն ուներ իր բանաստեղծը՝ հանձին Մարտիրոս Ոսկյանի,որը Եգիպտոսում «Արև» թերթի խմբագրի տեղակալն Էր։

    Նրա «Հաճընցիին ոճիրը» և «Խռովքի և Յարութեան երգեր»  ժողովածուները հաճախ են դառնում թանգարան այցելող ուսուցիչների ու աշակերտների սեղանի գիրքը։ Հայրենասիրությունն  ու սերն են հանգրվանել նրա բանաստեղծություններում։

Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի պատմական արժեքը ավելի քան մեծ է ու կարևոր,քանզի այստեղ ամփոփված են Կիլիկիայում նահատակված հերոսների ոսկոր-մասունքները, որոնց շնորհիվ հուշարձան-թանգարանը դարձել է սրբավայր ու ուխտատեղի։

Օտար ափերում դեգերած հաճընցիները կտրելով հազարավոր կիլոմետրեր, արյան կանչով ու հոգու հավատով գալիս են խնկարկելու և ոգեկոչելու նահատակների հոգիները։

Հրապարակվել է՝ 10.05.2020
Էջը դիտել են 1036 անգամ


Օրիգինալ հղում՝ https://www.facebook.com/groups/438197792909220


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: