Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


Կիլիկիո Հաճըն

Ո՛վ իմ Հաճն,լոյսէ երկիր ցանկալի, 

Հերոսական սուրբ հայրենիք խնկելի,

Մանուկ հոգիս հուր տենչերով վառվռուն,

Ուխտի կուգայ այսօր քեզի աննկուն:

                                                                            Ա. Գրաճեան

     Լեռնային Կիլիկիայի խոշորագույն և կարևոր բնակավայրերից մեկն էր հայաշատ Հաճն (Հաճըն) քաղաքը: Գեղատեսիլ  լեռնային բնաշխարհ ունեցող Հաճնը գտնվում Էր Կիլիկիայի հյուսիսում: Այն  ընկած  է Տավրոս լեռների գրկում` Քերմես եռանկյունաձև լեռան լանջին: Հաճնը հանդիսանում էր Ադանա նահանգի Մարաշ գավառի քաղաքներից մեկը:

    Հաճնը հնագույն բնակավայր է: Հաճնում հայերը բնակվել են  վաղ ժամանակներից: 11-րդ դարում նրանք հիմնադրել  են  շրջանի գլխավոր հոգեւոր կենտրոնը` Սբ. Հակոբ վանքը, որը ուխտա­վայր էր, և այստեղից Էր գալիս քաղաքի կրոնական հեղինակությունը: Վանքը գտնվում էր  քաղաքի հյուսիսային  հատվածում .այն կանգուն է մինչև այսօր: 

    Ըստ ավանդության, Հաճնը հիմնադրել են Անիի հայերը, որոնք այստեղ են եկել Բագրատունիների անկումից հետո:

    Քաղաքի արևելքից հոսում էր Գրտետ գետը, արևմուտքից՝ Ձաթախը, որի մոտով  հոսող Աչե գետի և նախկին Հարագան քաղաքի անունների միախառնումից էլ հավանաբար ծագել է քաղաքի անունը:

    Համաձայն  մեկ այլ ավանդության՝ բյուզանդական Վասիլ կայսրը Սբ. Հակոբի նշխարները տանելու ժամանակ նրա աջը այստեղ է մոռացել, որից էլ առաջացել է Հաճն անունը: 

   Հաճնը, գտնվելով ծովի մակերևույթից 1140 մ բարձրության վրա և կառուցված լինելով Թարթարոտ լեռան կողքին, ուներ ամֆիթատրոնի տեսք ունեցող տներ,որոնք մի գեղեցիկ տեսա­րան էին ներկայացնում՝ շրջապատված պուրակներով ու այգիներով: Զուր չէ նաև, որ ժողովրդական ստուգաբանությամբ <<Հաճն>>  նշանակում է նաև հաճելի վայր:

    Հաճնը մեծ եղեռնից առաջ ուներ մոտ 30-35000 բնակչություն` բացառապես հայեր: Կային նաև թուրքեր, որոնք ապրում էին քաղաքի  արվարձաններում.նրանցից շատերը խոսում էին աղավաղված հայերենով:

    Կիլիկիան արտաքին աշխարհի հետ կապվում էր 3 դռներով, որոնցից մեկը Հաճնն Էր. այն հյուսիսային Կապադովկիան և Փոքր Ասիայի խորքերը միացնում էր   Կիլիկիային:

        Հաճնի շրջակայքում կային արծաթի, պղնձի, երկաթի բազմաթիվ հանքեր:

   Կիլիկիայի Հաճն քաղաքը բաժանված էր 5 թաղերի:

    Հաճնն ուներ 2 շուկա, 100-120 հացի փուռ, 12 ջրաղաց, լաթի լվացարան, հասարակա­կան բաղնիք, 7 կամուրջներ` Յակոբայ, Բարկավունի, Հովիվների, Զեպերին, Պուրուխո, Թաղարնուցո, Գանտայան։ Շրջակայքում կային ևս յոթ կամուրջներ:

   Հաճնի հարավային մասում` Գրտետի գետեզերքին, գտնվում Էր կառավարական պալատը, որը երկհարկանի շինություն Էր։ Վերին հարկը ծառայում էր որպես ոստիկանության բնա­կատեղի, կառավարության պաշտոնատեղ, Գայմագամի նստավայր, դատարան և հեռագրա­տուն։ Ստորին հարկը հատկացված Էր բանտի և ոստիկանների ձիերի համար.այն նախա­տեսված Էր որպես ախոռ:

   Հաճնի վերին թաղում գտնվում Էր քաղաքապետարանը, որի պատերը զարդարված էին «Պլաքի» քարերով։ Այն կառուցվել է 1902թ.:

   Քաղաքը հարուստ էր եկեղեցիներով , որոնց առընթեր գործում էին հայկական դպրոցներ ու վարժարաններ: Հաճնում կային 6 եկեղեցիներ, որոնցից 3-ը` լուսավորչական, 2-ը` բողոքական, 1-ը` կա­թոլիկ։ Առաքելական եկեղե­ցիներն էին՝ Սբ. Գևորգը,որն  ուներ մեկ դպրոց (Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Սբ. Գեւորգ եկեղեցում սովորող աշակերտների թիվը հասնում էր 1250-ի), Սբ. Թորոսը,որի հարակից դպրոցում սովորում էին 99 աշակերտ,գործում էր նաեւ կենտրոնական վարժարանը, որտեղ սովորում էին 283 տղաներ և Սբ. Աստվածածինը: Ամենահինը Սբ. Աստվածածինն է (15-րդ դար):Կար 1 մզկիթ՝ իսլամի հետևորդների համար և 3 վանք:Կային 9 գերեզմանոցներ,9 դպրոց,մեկ ամերիկյան քոլեջ,երկսեռ նախակրթարան:

  Հայ առաքելական եկեղեցում նշանավոր առաջնորդներից Էր Պետրոս արքեպիսկոպոս Սարաճեանը:

  Հաճնի տարածքը հարմար չէր հողամշակության համար։ Հողագործության համար ան­բարենպաստ հողերը նպաստավոր էին միայն այգեգործության համար:

  Տարածված արհեստներից էին կտավագործությունը, ձեռագործությունը, գուլպայագործությունը,շալվար հյուսելու ար­հեստը, ներկարարությու­նը և բազմաթիվ այլ արհեստներ: Քաղաքը հայտնի էր նաև երկաթագործությամբ:

 Հաճնի ժողովուրդը բարեպաշտ և աղոթասեր Էր։ Հաճնցու առօրյան սկսվում Էր արևածագին եկեղեցի գնալով։ Ճաշելուց հետո պարտադիր ասում էին. «Օրհնյալ ես, Աստ­ված»:

  Պատմական Հաճնն ուներ իր բանաստեղծը՝ հանձին Մարտիրոս Ոսկյանի,որը Եգիպտոսում «Արև» թերթի խմբագրի տեղակալն Էր։  Հաճնցիների կյանքը նահապետական Էր. նրանք հարգում էին մեծերին, ամոթխածությամբ ու ակնածանքով էին վերաբերվում նրանց։

   Տղամարդիկ կրում էին կտավե շապիկ և վարտիք, վրայից՝ ալ կարմիր, սև կամ գունավոր «մանուսայէ անթերի»: Ձմռանը վրայից հագնում էին «ապա»:Որպես գլխանոց աղքատները կրում էին «քիւլահ», հարուստները՝ ֆես։ Որպես ոտնաման կրում էին «եէմէնի»,  «ճիզմէ», «փօստալ», «փապուճ» և այլն։ Կանայք հագնում էին կտավե շապիկ, մանուսայէ վարտիք ու զըպուն, իբրև գոտի մեջքներին կապում էին շալ։ Տարիքավոր կանայք իրենց գլխին կապում էին եամշօղ, նորահարսները քողով ծածկում էին երեսները։ Որպես ոտնաման հագնում էին ճիզմէ, փափուճ և այլն:

   Հաճնցիների սիրված ուտելիքներն են՝ պուլղուր, կորկոտ, ոսպ, սիսեռ, ճսախառն բանջարեղեն, ապուրներ, խաղողի տերևներով սարքված սարմաններ, ղավուր­մա, փլավ, դդումի ապուր, մսով ու սոխով եփած գըզարթմա, խաշլամա, պաստըրմա, երշիկ և այլն։ Ավանդական և տոնական ճաշատեսակն էր հարիսան: Հացը թխվում էր թաղային փռերում, և տարածված էին հացի բազմաթիվ տեսակներ։ Սովորություն կար՝ ամեն մի հացը եփելուց առաջ յուրաքանչյուրի տակը դնել կլոր, խոշոր և ախորժահամ տերև։ Հաճնցի կինը դա անվանում Էր «Հացի թուփ»:

  Հաճնցին ուներ իր հատուկ գավառաբարբառը, որը հպարտության զգացողություն Էր առաջացնում ցանկացած Հաճնցու մեջ:

   Հաճնում տարածված Էր ինչպես ժողովրդական բժշկությունը,այնպես էլ գիտական բժշկությունը, կային նշանավոր բեկաբույժներ, ջրաբույժներ, մանկաբարձներ։ Հաճնի մեջ տպարան չկար, սա­կայն կային ընթերցասրահներ, ուր հավաքված Հաճնցի ընթերցասեր ժողովուրդը կարդում էր «Մասիս», «Սիհուն», «Միջակ» և այլ թերթեր:

   Հաճնում կային ժողովրդական երգիչներ։ Եղել են լուսանկարիչներ, որոնցից առաջի­նը Եփրեմ Ներսիսյանն է:

   Սմեն տարի խրախճանքներ և տոնախմբություններ էին կազմակերպվում Սբ. Հակոբի, Սբ. Աստվածածնի, Սբ. Գևորգի, Սբ. Թորոսի, Սբ. Սարգսի, Սբ. Գրիգորի, Սբ. Մինասի, Սբ. Վարվառայի օրերին։ Մեծ շքեղությամբ նշվում էին Ծննդյան տոները` Ջրօրհնեքը՝ հունվարի 6-ին, Տեառընդառաջը, Բարեկենդանի օրը, Մեծ Պահքը, Զատիկը:

   Հաճնի կրթական առաջին կենտրոնը հանդիսացել է Սբ. Հակոբի վանքը, վանահայրերը հանդես են եկել իբրև ուսուցիչներ։ Հետագայում կրթությունը թևակո­խել է նոր շրջան։ Հայ լուսավորչականների հովանու ներքո բացվել է Կեդրոնական Վարժա­րանը, հայ ավետարանչականների հովանու ներքո` «Հօմ» կամ Աղջկանց Բարձրագույն Վար­ժարանը, Հաճնի Ակադեմիան:Բոլոր եկեղեցիներին կից գործում էին վարժարաններ:Դրանցից ամենանշանավորը Սահակ-Մեսրոպյանն էր: Սբ. Աստվածածին եկեղեցուն կից՝ 5 հարկանի մեծ շինության մեջ, իր գործունեությունն է ծավալել Աղջկաց Սահակ-Մեսրոպյան Վարժարանը։ Երկսեռ աոաջին մանկապարտեզը բացվել է 1912թ., հետո այն փոխադրվել է Սահակ-Մեսրոպյան Վարժարան։ Եղել են որբա­նոցներ։ Հաճնի մեջ թուրքերը ունեցել են տարրական (Իպտիտային) և բարձրագույն (Իտատի) երկու վարժարաններ:

  Հաճնը հայ ազգին տվել է այնպիսի անձնվեր քաջազուններ,ինչպիսիք են ազատագրական պայքարի հայտնի գործիչներ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճեան),որը ղեկավարել է Սասունի 1894 թ. ապստամբությունը,Մորուք Ժիրայրը (Մարտիրոս Պոյաճեան), Հայ հեղափոխական Ս. Դ. Հնչակյան կուսակցության փառավոր էջերից մեկը կապված է Հաճնցի ահա այս երկու անմոռաց եղբայրների անունների հետ,ինչպես նաև Աղասի (Կարապետ Թուրսարգիսյանի),որը ղեկավարել է Զեյթունի 1895 թ. ինքնապաշտպանությունը և շատ ուրիշ քաջազուններ: Ենթադրվում է, որ Հաճնում է ծնվել նաև Ֆրիկը:

 

Հրապարակվել է՝ 11.05.2020
Էջը դիտել են 924 անգամ


Օրիգինալ հղում՝ https://www.facebook.com/groups/438197792909220


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: