Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

: Այսօր՝ -«ԿՐԻ'Ր ԴԻՄԱԿ, ՓՐԿԻ'Ր ԿՅԱՆՔԵՐ»

Նոր Հաճնի հիմնադրումը

Տավրոս լեռներում վառվեց, կործանվեց արծիվների բույն Հաճընը հերոս,

Աճյունից նրա փյունիկը ծնվեց, Նոր Հաճընը մեր`կրկնակի հերոս:

1958 թ. մայիսի 4-ն էր, երբ Աշոտ Հարությունյանը եկավ այն տարածք, որը հետագայում պետք է դրախտի վերածվեր, սակայն դա հետո՝ տարեց տարի կառուցելով և աշխատանքի արդ­յունքին նոր արդյունք ավելացնելով։ Իսկ հիմա՝ այս օրերին, տեղանքը ուսումնասիրել Էր պետք և նորաստեղծ կառուցվելիք գործարանի համար տարածք փնտրել:

   Մարդիկ հավատում էին, որ փոքրիկ արտադրամասը կվերածվի մեծ գործարանի, և նրա մասին շատ շատերը կխոսեն։ Հավատում էին սպասվող լավ կյանքին և աշխատում էին համերաշխ, համառորեն ու նվիրումով։ Ու մարդիկ եռանդով գործի անցան, ձեռնամուխ եղան արտադրության և այն ժամանակ Սիլավոյ կոչվող ավանի զարգացմանն ու վերափոխմանը:

Սփյուռքում, ինչպես արդեն ասվել է, Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միության կենտրոնական վարչությունը ձեռնամուխ եղավ (ինչպես որ ծրագրել էր) Բեյրութում ստեղծել Նոր Հաճըն թաղամաս:

   Սակայն Բուենոս-Այրեսում հիմնված հաճընցիները իսկզբանե միանման չէ,որ մտածում էին օգնել Բեյրութում «Նոր Հաճըն» թաղի կառուցմանը և նյութական օգնություն ցույց տալ այդ հարցում, առավել ևս,որ «Հաճըն» Ընկերության ու «Երիտասարդաց միության» անդամները բացարձակ մեծամասնությամբ դեմ էին դրան՝ պատճառաբանելով և միմիայն կողմնակից լինելով,որ այդ ձեռնարկը աշխարհասփյուռ հաճընցիներին միավորելու նպատակով ի կատար ածվի Մայր հայրենիքում, այլ ոչ թե օտար երկրի օտար կառավարության հովանու տակ. չէ որ, ինչպես ասում են.<< ծառը իր հողում է արմատներով ամուր>>:

  Հայկական ՍՍՀ Գերագույն սովետում հետաքրքրվեցին,թե ՀՍՍՀ ժողտնտխորհը ինչ լավ նախա­ձեռնությամբ է հանդես եկել և, իհարկե, ուրախացած ողջունեցին,որ Երևանից մոտ 25-30 կմ հեռավորությամբ՝ Արզնի ՀԷԿ-ի աջ ձորափին, նոր արտադրություն է հիմնվելու՝ Տեխնիկական ճշգրիտ քարերի գործարան (ՏՃՔ):Պահը պատմական էր, քանզի ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ Շ. Առուշանյանի սեղանին Կիլիկիո Հաճընի մազապուրծ մի խումբ սփյուռքահայերի խնդրանք-դիմումն Էր դրված։ Նրանք խնդրում էին, որ Սովետական Հայաստանի որևէ տարածքում քաղաք կառուցվի, մի նոր բնակավայր հիմնվի և ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի`  անվանակոչվի Հաճըն:

 «Իսկ ինչու՞ հենց այդ տարածքը չդառնա կարոտաբաղձ ու մազապուրծ Կիլիկիո հաճընցիների համար այն քաղաքը, որի մասին երազում են ռոմանտիկներն ու կարոտաբաղձ հայրենասերները»,-մտածում էին ՀՍՍՌ Գերագույն սովետում։

  -  Դուք ի՞նչ եք արտադրելու։

  -  Կորունդներից մշակված առաձգակալներ, իհարկե, առայժմ, իսկ հետո ծրագրերը շատ են, բայց Աստծուց առաջ չընկնենք, ամեն ինչ հերթականությամբ թող լինի։

  -  Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք, որ Կիլիկիո Հաճընի հիշատակը վառ պահելու նպատակով  հենց այդ բնակավայրը, որտեղ գործարան եք հիմնելու, Հաճըն կոչվի:

  -   Թո՛ղ կոչվի. գուցե մեր հայրենակիցների կարոտը դրանով մի փոքր մեղմվի,– ասաց երիտասարդ ապագա տնօրեն` Աշnտ Հարությունյանը:

   ՀԽՍՀ Գերագույն սովետում հարցը փակված համարվեց, քանզի 1958թ նոյեմբերի 4-ին Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով համապատասխան որոշում ընդունվեց, ըստ որի բնակավայրը վերանվանվում է Նոր Հաճըն,իսկ ըստ երկրորդ կետի սահմանվում էր, որ Նոր Հաճըն բնակավայրը դասվե-լու է Հայկական ՍՍՀ քաղաքատիպ ավանների կատեգորիային`կարգավիճակին:

  Նոր Հաճնի հիմնադրմանվկայականը Այդպիսով հաճընցին իրեն բնորոշ ուժեղ կամքի շնորհիվ դարձյալ կարողանում է վերստին ծննունդ տալ իր երբեմնի ծաղկուն քաղաքին, որը Եղեռնի դրոշմն էր կրում` իբրև անցյալի անխոս վկա:  

   Շատ չանցած՝ գետամեջցի Մնացական Գրիգորյանը նշանակվեց որպես առաջին ավա­նային սովետի նախագահ։

   Առաջին տարում բարձրացավ եռահարկ տուֆակերտ անդրանիկ շենքը,որտեղ բնակարաններ ստացան հույժ կարիքավոր ընտանիքները:Դրան հաջորդեցին երկրորդը,երրորդը… Սկիզբ դրվեց նաև կուլտուր-կենցաղային և այլ շինությունների:Ծնվում էր նոր ավանը,վերածնվում Հին Հաճընը: Շուտով ավանի ու նրա մարդկանց լավ գործերի մասին լուրեր հասան հանրապետությունից դուրս:

   Փոքրիկ բնակավայրն ապրում էր իր մի խումբ բնակիչների ուրախություններով ու տխրություններով։

   Մարդիկ հարմարավետ տեղավորվել էին ֆիննական տնակներում։

   Բնակավայրն արդեն հիվանդանոց ուներ, մանկապարտեզ ու դպրոց:

   Բնակավայրը մարդաշունչ էր դառնում. ջուրը կար, հացը կար։

   Մարդիկ կապվել էին միմյանց ու տարածքին։ Նրանք ապրում էին հավատով ու հույսով,այն ժամանակ աշխատանքն էր հպարտությունը։

   Ծանր էր թե՛ կյանքը, թե՛ աշխատանքը, սակայն մեծ էր հավատը, մեծ էր նաև հարգանքը միմյանց նկատմամբ. բոլորը հարեհաս էին։

   Ավանը օրեցօր նոր բնակիչներ էր ունենում. գալիս էին հանրապետության տարբեր շրջաններից և, ընդ որում, շատ ու շատ նորակազմ ընտանիքներ։ Բոլորն իրար նկատմամբ հոգատար վերաբերմունք ունեին, մեկը մյուսի ուշադրության կենտրոնում էր և ոչ մեկի աչքից չէր վրիպում։ Նրանք խիստ էին ու ավանդապահ։

   Oրեցoր գեղեցկանում ու կանաչապատվում Էր նորաստեղծ ավանը։ Ճիշտ Է, ավանը կառուցապատվում Էր առանց գլխավոր հատակագծի, սակայն գեղեցիկ Էր ու ճաշակով և հիմնականում դա Էր պատճառը, որ այն իր կանաչապատ ու ծառախիտ շինությունների ներդաշնակությամբ աչք Էր շոյում:

    Ամեն մի դրվող քարի ու տնկվող ծառի համար ուրախանում էր նորհաճընցին ու հետևում, որ ծառը ծաղկի, թուփը փթթի, ու շենանա իր բնակավայրը։

Բնակավայրն ու մարդիկ ձեռք էին բերում իրենց բնավորությունը։ Ծաղիկն ու խոտը նոր բուրմունք էին ստանում. ամեն ինչ մի տեսակ փոխվում էր ու հարազատանում։

Իսկ նորաստեղծ բնակավայր եկողների թիվը ավելանում էր ու ավելանում։

    1960թ-ին նորաստեղծ Նոր Հաճըն ավանի մասին արդեն բարձրաձայն էին խոսում և ամ­բողջ հանրապետությունում գիտեին  ՏՃՔ -ի գտնվելու վայրը։ Այստեղ էին գալիս հանրապե­տության տարբեր բնակավայրերից՝ եղբայրներով ու քույրերով, հարևաններով ու խնամինե­րով։

 Գործարանի արտադրամասերին զուգահեռ՝ նաև բնակելի շենքեր էին կառուցվում,և 1962-1963 թթ. առաջին երեքհարկանի շենքերը միանգամից էին ոտքի կանգնում:

   Հետո ավելացավ թե՛շենքերի քանակը և թե՛ շինարարների, որոնք տարեցտարի իրենց տարիքից տալով, մեծացնում էին ավանը ու ոտքի կանգնեցնում այն՝ օրեցօր գեղեցկացնելով նրա ամեն մի անկյունը։

    Այդ նվիրյալներից էին որմնադիր-վարպետ, «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանակիր Դմիտրի Մնացականյանը, «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանակիր բրիգադիր Մերուժան Մուրադյանը։

   Ընդամենը 15 մարդուց բաղկացած  շինարար-որմնադիր Մերուժան Մուրադյանի ղեկավարած կոմպլեքսային բրիգադը նախատեսված վեց ամսվա փոխարեն յուրաքանչյուր շենք կառուցեց  երեք ու կես ամսում:

   Կռունկավար Վալենտինա Սիմյոնովնա Սիգալաևան Չարենցի փողոցում կառուցվող շենքերի դիրիժորն էր. նրա վերամբարձ կռունկը աջ էր շրջվում, քար էր տալիս, ձախ էր շրջվում՝ցեխ ու ջուր։

   Կառուցվող շինությունների տեմպերը ավելի քան արագ էին.   12 տարում կառուցվեցին ավելի քան 35.000 բնակելի տարածություն։ Տարածքներ, որոնք քրտինքի կաթիլներով, օրերի ու ամիսների հանրագումարի բերված ծանր աշխատանքների արդյունք էին:

   Ժամանակը թելադրում էր իրենը. փոխվում էին պահանջները, փոխվում Էր մտածելա­կերպը։

   Քաղաքացող այս փոքրիկ բնակավայրը աչք շոյող գրավչությամբ նորանոր շինություն­ներ էր ունենում, այդ թվում զարգանում էր դպրոցաշինությունը: 

    1973 թ. ավանը ուներ երկու միջնակարգ դպրոց, իսկ 60-ական թվականների կեսերից դպրոցները համալրվել էին լավագույն մասնագետներով։

   Դպրոցներում ու մանկապարտեզներում այս թվականներին կրթվում ու դաստիարակվում էին շուրջ 2000 երեխաներ, իսկ 1978-ին արդեն կար երեք միջնակարգ հանրակրթական:

   Հարյուրավոր երիտասարդներ են աշխատանքին զուգընթաց ձեռք բերել միջնակարգ և միջնակարգ-մասնագիտական կրթություն։

    1973-ին Նոր Հաճընը գեղեցիկ ու հաճելի երկհարկանի հիվանդանոց ունեցավ,որտեղ 1973-1991 թթ. Գլխավոր բժիշկ է աշխատել Էդիկ Ալեքսանյանը:

   Այս տարիներին Էր նաև, որ հիմք դրվեց ու կառուցվեց Նոր Հաճընի մշակույթի պալատը,լողավազանն ու մարզադաշտը...

   Հաճընյան ոդիսականը շարունակական է, անունը՝ հավերժական։

Հրապարակվել է՝ 10.05.2020
Էջը դիտել են 121 անգամ


Օրիգինալ հղում՝ https://www.facebook.com/groups/438197792909220/


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: