Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


Հաճընի հերոսամարտը 1920

Հաճնի 1920 թ. հերոսամարտը հայ ժողովրդի պատմության ազատագրական պայքարի փայլուն,հերոսական և անմոռանալի էջերից մեկն է: 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոս քաղաքում կնքվեց զինադադար Անտանտի երկրների և Թուրքիայի միջև: Այդպիսով Թուրքիան պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում: Հետագայում Անտանտի երկրները ոչ մի քայլ չձեռնարկեցին իրագործելու համար Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կարող էին նպաստավոր լինել Հայաստանի համար, և Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը` հասնելով դրա փաստական վերացմանը:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո կենդանի մնացած և տարագրության ամբողջ դառնությունը ճաշակած 8000 Հաճնցիներ վերադառնում են իրենց հայրենի օջախները` հայրենի ծուխը կրկին ծխեցնելու վճռականությամբ։

Վերադառնում են հավատալով Ֆրանսիայի խոստումներին`թե կարգ ու կանոնը պիտի վերադառնա իրենց բնակավայրերը: Պատերազմը թողել Էր իր ահավոր հետքերը Հաճն քաղաքի վրա: Երբեմնի շեն քաղաքից կանգուն էր մնացել միայն Սահակ-Մեսրոպյան ազգային վարժարանի շենքը։ Բայց նորից շինարար,արարող Հաճնցու բազկի շնորհիվ ավերակներից մի նոր Հաճն հառնեց։ Նրանք շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնեցին ավերված քաղաքը `բացելով նոր դպրոցներ,որբանոցներ,արհեստանոցներ: Սակայն Հաճնցուն բախտ չէր վիճակված վայելել իր աշխատանքի պտուղները։
1920 թ. փետրվար: Հաճնցին սկսվեց հուսահատվել դրսից եկող լուրերով։ Թուրքական կառավարությունը ծրագրեր էր մշակում` Հաճնը պաշարելու նպատակով:

Շուտով թուրքական վտանգը դառնում է բացահայտ. սույն թվականի փետրվարի 22-ին Հաճն հասած քուրդ բարեկամը տեղեկացնում է, որ «Այս առավոտ թուրքերը կհավաքվին շրջակա գյուղերը, կզինվին և կսպասեն ձյունհալին՝Հաճնո վրա հարձակվելու համար»: Հակառակորդի կարծիքով «Կիլիկիո հայկական միջնաբերդը`Հաճնը,հիմնովին կործանելն ու բնաջնջելը երկու ժամվա գործ է եւ աննշան հարձակումով մը պիտի կրնան թաղել 8.000 հայությունը»:
Հաճնցիները տեսնելով վերահաս աղետը, որոշում են դիմագրավել կազմակերպված՝զենքը՝ձեռքներին:Հաճնի բնակիչները իրենց կառավարիչ՝ փաստաբան Կարապետ Չալյանի ղեկավարությամբ կազմեցին Հաճնի ինքնապաշտպանության բարձրագուն խորհուրդ:

Պաշտոնական վկայագիր Հաճընի ինքնապաշտպանությանը մասնակցելու մասին

Ինքնապաշտպանության կենտրոնատեղի է դառնում Սբ. Աստվածածին եկեղեցին: Հաճնում ստեղծված «Ինքնապաշտպանութեան բարձրագույն ժողովը» նախագահում է Հաճնի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Պետրոս Սարաճեանը:Ժողովի հրամանով զենք կրելու ընդունակ 15-60 տարեկան բոլոր Հաճնցիները զինվորագրվում են: Շուրջ 600 հոգուց կազմվում են 4 վաշտ Կարապետ Օղլուգյանի, Մեսրոպ Շխրտմյանի, Մկրտիչ Մանասյանի, Վահան Ալթունյանի հրամանատարությամբ և 60 հոգուց բաղկացած հեծյալ մի ջոկատ (Էսկադրոն)` Պետրոս Թերզյանի ղեկավարությամբ,որոնք կանոնավոր մարզվում են: Քաղաքի բնակիչներն ունեին ընդհամենը 132 հրացան: Հաճնը և շրջանները բաժանվեցին 4 պաշտպանական դիրքերի,փորվեցին խրամատներ և այլ ամրություններ,քաղաքում հաստատվեց պարետային ժամ,գիշերային պահակներ կարգվեցին ճանապարհների հանգույցներում: Ստեղծվում է նաև <<Զինվորական բարձրագույն մարմին>>, զինվորական հրամանատար է նշանակվում ազգային հերոս Անդրանիկի նախկին զինակից սպա Սարգիս Ճեպեճյանը, հեծյալ ջոկատ` Արամ Կայծակի ղեկավարությամբ,որի «Վրեժ» խմբի պարտականությունն էր օգնության հասնել վտանգված դիրքերին:
Մարտական տրամադրությունը և վրեժխնդրության զգացումը համակում է բոլորին:Այր ու կին, մանուկ ու ծեր, թողնելով իրենց տունն ու այգին, ելնում են պաշտպանելու իրենց պատիվն ու արժանապատվությունը, կռվով դիմադրելու թշնամու բազմահազար զորքին: Բոլորը լծվում են ազատության պայքարի նվիրական գործին.ամենքն էլ պատրաստվում էին օրհասական կռվի:Ամենուրեք հնչում են ազատատենչ երգեր.

«Հառա՛ջ, հառա՛ջ, Հաճնցինե՜ր, մեր ոխերիմ թուրքն է եկել,

Հառա՛ջ, կռվե՛նք՝ ի զե՜ն, ի զե՜ն. Տեսնենք ի՞նչ կուզե թշնամին:»

Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչները Կիլիկիայում` Թեյարտային և գնդապետ Բրեմոնը, վարելով երկդիմի քաղաքականություն,խոստացան ինքնապաշտպանության համար տրամադրել զենք ու զինամթերք,սակայն բավարարվեցին ընդամենը 300 հրացան ուղարկելով:Բայց Հաճնի պաշտպանության ղեկավարները գոհ էին անգամ դրանից,քանի որ իրենց ունեցած 132 հրազենով դժվար թե կարողանային երկար դիմանալ:Երբ ամեն ինչ պատրաստ էր ժողովրդին խրախուսելու համար մարտի 5-ին կազմակերպվեց Հաճնի զորահանդես:Ինքնապաշտպանության 4 վաշտեր գրավեցին մարտական դիրքերը:Բայց հակառակորդն էլ իր հերթին էր պատրաստվում:Թուրք էմիսարները Հաճնցիների դեմ էին հանում շրջակայքի քրդերին և չեթեններին:Այս օրհասական պայմաններում Հաճնի բանաստեղծ Մարտիրոս Ոսկյանը,երբ հարազատ Հաճն քաղաքին օգնելու նպատակով Եգիպտոսից հայրենիք էր շտապում, թուրքերը նրան սպանում են: Օգտվելով ֆրանսիական զինվորական վարչության անտարբերությունից եւ անվճռականությունից` թուրքական տասնյակ հազարավոր զորքն իր զենքն ուղղում է Հաճնի հայության դեմ: Գրավելով շրջակա գյուղերը` թշնամին շարժվեց դեպի Հաճն:Թուրքական զորքերի հրամանատարը` Գոզան օղլու Դողան բեյը,փորձում էր խորամանկությամբ համոզել Հաճնցիներին հանձնվել՝ խոստանալով, որ զենքը վայր դնելու դեպքում կխնայի ամենքի կյանքը: Բանակցությունների համար ուղարկվեց 4 բանագնաց: Հաճն քաղաքի ղեկավարությունը չէր կարող թուրքական կառավարությանը վստահել քաղաքի բնակչությանը,որովհետև աչքի առաջ ունեին 1915թ.–ի կոտորածը:Եվ քաջարի Հաճնցիները պատասխանում են. «Մենք գիտենք ձեր ծրագրի իրական նպատակները՝ ջարդել,քանդել ու մոխրի վերածել այն,ինչ որ հայկական է։ Մենք չենք հանձնվի մինչև վերջին մարդը»:
Հաճնցիների համառությունից կատաղած թուրքական հրամանատարությունը մարտի 28-ին սկսում է կանոնավոր բանակի հարձակումը: Դողան բեյի զորքերը` իրենց ռազմական ահարկու պատրաստություններով, ոչ միայն քաղաքը գրավել չկարողացան,այլ շատ դեպքերում պաշարվածներից չարաչար ջարդ կերան: Զինված ուժերի հրամանատար Սարգիս Ճեպեճյանի հմուտ ղեկավարությամբ Հաճնցիք շահում են առաջին ճակատամարտը։

Ապրիլի 1-ին թուրքերն անցան նոր հարձակման,սակայն կրկին ապարդյուն:
Ապրիլի 3-ին թշնամի խուժանը արդեն քաղաքը ամբողջությամբ շրջապատել էր:Հետևյալ առավոտ`դեռ արևը չծագած,Դողան բեյը նորից իր զորքերով դեպի քաղաքը շարժվեց:Մի գրոհին հաջորդում էր մյուսը,սակայն թուրքերի գրոհները իրենց նպատակին չէին հասնում:Ապրիլի 10-ին թուրքական զորքը գրոհեց Գոփուշ կոչվող թաղամասը:Երկուստեք լինում են բազմաթիվ զոհեր,բայց արծվաբույն Հաճնի ոգին դարձյալ անկոտրուն էր:
Նշանավոր է Ապրիլի 12-ին Կիլիկիա թաղում 5 ժամ տևած ճակատամարտը։Արամ Կայծակի և Արշակի գլխավորությամբ անհավասար կռվում հայերը տանում են մի հաղթանակ, որը ստիպում է Դողանին զինադադար խնդրել`վիրավորներին հավաքելու նպատակով:
Իսկ թուրքերն իրենց առաջին հաղթանակը տարան Սբ. Հակոբ վանքի կռվում: Այստեղ նշանավոր է որբանոցի սաների խոսքերը.

«Վաղ թե ուշ պիտի մեռնեինք,բայց հավիտենական չէր լինելու մեր կյանքը։ Օրհնենք Աստծուն,որ արժանի արավ մեզ շահավոր կերպով մեր մահկանացուն կնքելու։ Եթե այս սուրբ տաճարի հիմքերը մեր արյամբ ներկելով ավելի պիտի ամրանան, և եթե եկող սերունդները`շեն գտնելով այս կամարները` պիտի աղոթեն նրանց մեջ և այդ աղոթքըերկնքից պիտի իջեցնե հայոց երկրի վրա հավիտենականի օրհնություն,ապա ուրեմն երջանիկ ենք մենք, որ պիտ զոհվենք այս սուրբ գործի համար:Գնանք մեր սրբազան պարտքը կատարելու…»:

Անփորձ որբուկները գերմարդկային հերոսությամբ երկու ժամ դիմագրավեցին անհավասար կռվում: Մի քանի ժամվա ռմբակոծությունն ավերեց միայն վանքի գմբեթը,պատերն անդրդվելի էին:
Գոզանը համառությամբ շարունակում է քաղաքի պաշարումը`կարծելով,որ եթե զենքի ուժով չկարողանա գրավել,ապա գոնե քաղցը և սովը կստիպեն հանձնվել: Բայց քաղաքի ամբարներում դեռ բավարար պաշար կար:
Եւ այսպես ամիսներ շարունակ Հաճնցին, անընդհատ կատաղի կռիվներ տալով, կառչած մնաց իր հողին: Ցավոք ինքնապաշտպանության դիմած հաճըցիների համար որոշ ժամանակ անց ընդհատվում է Սիսից եկող ռազմամթերքի մատակարարումը:
Այդուհանդերձ նրանց պաշարման առաջին ամիսների ընթացքում նրանք 27 տարբեր հարձակումներ ետ մղեցին,կարողացան անցնել թուրքական զորքերի թիկունքը՝փախուստի մատնելով գերակշռող թշնամուն: Տղամարդկանց հետ ուս ուսի քաջաբար մարտնչում էին նաև կանայք ու պատանիները:
Սաղր-Պայիլի բարձունքում հազարավոր թուրք զինվորների դեմ մարտնչում էին մի քանի տասնյակ հայեր:Երբ բարձունքում մի քանի ընկերների հետ հայտնվում է պաշտպանության հրամանատար Սարգիս Ճեպեճյանը,գոչում է -Տղերք առա՜ջ… մեծանում է ոգևորությունը. Հայ կտրիճները կրկնապատկում են իրենց եռանդը և վանում թշնամուն բարձունքի շրջակայքից:

Հերոսաբար էին կռվում բոլորը։Հատկապես արժե հիշել Պետրոս Արքեճյանին, որի մարմնի մեջ մտել էր երկաթի 25 կտոր։Հերոսին տանում են հիվանդանոց: Շատ վիրավորների կյանք փրկած բժիշկ Թերզյանը հանում է ռումբի ծվենները,բացի մեկից, որը և Պետրոսին դարձնում է կաղ:
Դեռ նա հիվանդանոցում էր,երբ հուլիսի 13-ին տեղի է ունենում թուրքերի ամենախոշոր հարձակումը:Վիրավոր,նա փախչում է հիվանդանոցից,կռվում զինվորների հետ: Մարտից հետո նա հանգիստ վերադառնում է հիվանդանոց,պառկում մահճակալին` ի զարմանս քաղաքի ողջ բնակչության:
Կատաղած Դողան բեյը հեռագրում է Կիլիկիայի գրավման ընդհանուր հրամանատար Մուսթաֆա Քեմալին.«Մեր հարձակումները ապարդյուն անցան։ Հաճնը գրավել անկարելի է։ Պիտի սպասեմ, որ քաղցած և ուժասպառ անձնատուր լինեն»:
Նման անձնվեր պայքարով արդեն հինգ ամիս մի բուռ Հաճնցիներ անընդհատ կռվելով թուրքական բազմահազար զորքի դեմ ամեն դժվարություն կրեցին, բայց թշնամու առաջ չխոնարհվեցին:
Սակայն 5-րդ ամսից քաղաքում սկսվում է սովը…սարսափելի սովը տիրում էր քաղաքի ներսում,որի հետ այլևս հնար չկար մարտնչելու և պաշտպանների վիճակը օրեցօր հուսահատական էր դառնում:
Ամեն տեղ տիրեց քաղցը`թշվառություններից դառնագույնը…Վերջացել էր պարենը և սնվում էին տրեխացու կաշիով,ծառի կեղևով ու տերևով:Մարդիկ, իրենց ունեցածն սպառելով, ցրվեցան դաշտերը,որպեսզի գոնե կանաչ խոտ կամ բանջար ճարելով քաղցերն անցկացնեն։Չնայելով,որ որոշ մարդիկ այդ խոտաճարակներից մեռնում էին վնասակար խոտեր ուտելուց, այնուամենայնիվ քիչ ժամանակ հետո դաշտերի ու լեռների կանաչը ևս սպառվեց։ Օրհասական տագնապը այն աստիճան կատաղության հասավ,որ սովի խելագարության մեջ ոմանք ստիպված սկսում են ուտել տարբեր կենդանիներ`ձի,կատու, շուն, մինչև անգամ որդեր, ճիճուներ…
Այսպիսի անմխիթար վիճակում,երբ ապրելը հերոսություն էր դարձել, Հաճնը շարունակում էր դիմադրությունը նույնիսկ լիակատար շրջափակման մեջ:
Անցավ համարյա մի ամբողջ ամիս…Բազմաթիվ զրկանքների ենթարկվելով` Հաճնցիները չեն հանձնվում և չեն թողնում իրենց պապերի քաղաքը:
Նաև զինամթերքի չափազանց խիստ պակաս կար, բայց մնում էր ոգին`պատվով կռվելու ու մեռնելու վճիռը:
Հաճնցին պիտի կասեցներ Թուրքիայի մուտքը դեպի հայկական Կիլիկիա:
Արտաքին աշխարհի հետ կապը խզված էր:Սովալլուկ Հաճնցիներն կարողացան անգամ հարձակում ձեռնարկել օգոստոսի 5-ին։ Վիրավոր Սարգիս Ճեպեճյանի մահճի շուրջ հավաքվել էր ինքնապաշտպանության կոմիտեն և հարձակում էին ծրագրել ընդհանուր ղեկավար նշանակելով Արամ Կայծակին։

Սկսելով հարձակումը օգոստոսի 5-ին մոտ 200 կամավոր` Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ, աննկատ մոտեցան թուրքական դիրքերին. անձնվեր,խիզախ գործողություններով Հաճնցի քաջերը ոչնչացրին հակառակորդի դասակը,օգոստոսի 6 գիշերը` լույս 7-ին, գրավում են Տոնուզ–Սեքե բարձունքի վրա գտնվող թուրքերի թնդանոթը` 350 ռումբերով. սա ոգևորության այնպիսի ալիք է բարձրացնում,որ ողջ բնակչությունը տեղափոխվում է այնտեղ։Թուրքերն սկսում են փախչել,կարծելով,թե օգնական ուժեր են ստացել Հաճնցիք,իսկ ծանր հրանոթը փոխադրեցին Հաճնի հրապարակ,որի գրավումով հնարավոր է դառնում ազատ երթևեկը քաղաքի ներսում:
Վերախմբավորելով ուժերը՝ Հաճնցի կամավորները լուրջ վնաս պատճառեցին թշնամուն: Համառ մարտերց հետո նույնիսկ գրավեցին Ռումլու գյուղը:
Ութ ամիս շարունակ առանց որևէ օգնության Հաճնցիները մինչեւ վերջին շունչը պայքարելու վճռականությամբ դիմադրում են թուրքական զորքի գրոհներին:

Դողան բեյը հեռացվում է պաշտոնից, չկարողանալով իրականացնել Մուսթաֆա Քեմալի նպատակը` ծախսելով 5000 տուփ փամփուշտ: Անպատվություն էր կանոնավոր զորքով ութ ամիս չկարողանալ կոտրել մի բուռ սովահար հայերի դիմադրությունը:Ալի Սայիմ բեյի գլխավորությամբ թշնամին նորանոր թնդանոթներով ու զինամթերքի մեծ պաշարով համալրում է իր ուժերը:Խոշոր համալրումներ ստացած թուրքական զորքը աստիճանաբար սկսեց սեղմել օղակը:Ֆրանսիան ոչ միայն չի ուղարկում խոստացված օգնությունը,այլ նաև սեպտեմբերին 22-ին Ախարճայում զինաթափում է Ադանայից եկող շուրջ 300 հոգուց կազմված հայ կամավորական խումբը, որոնք գալիս էին օգնության հասնելու պաշարված Հաճնցիներին։ Սրանով էլ կտրվում է կործանման դատապարտված հերոս Հաճնի հույսի վերջին աղբյուրը։ Թուրքերը հոկտեմբերի 15-ին` ճակատագրական այդ օրը, անցան նոր` կատաղի և վճռական հարձակման բոլոր ուղղություններով: Դա՜ռն օրհասը ժամանեց:Հաճնցիների: Հրետանու ավերիչ կրակոցների հեղեղից ավերվեցին հսկա Հաճնի քարաշեն տներն ու դիրքերը: Հարյուրավոր քաջարի մարտիկներ,որոնք արդեն երեք օր է ոչինչ չէին կերել, ընկնում են դիրքերում` զենքը` ձեռքներին:Թուրքերին հաջողվում է ներխուժել Հաճնի հարավային մաս և հրդեհել շրջակա տների մեծ մասը: Ոճրագործ թուրքերը ներխուժում են քաղաք: Ավերվում, հրդեհվում են բազմաթիվ շինություններ,սկսվում է խուճապ,փախուստ: Խուճապահար ժողովուրդը շարժվում է դեպի քաղաքի հնարավոր ելքերը, բայց թշնամին ամենուրեք գնդացիրներ էր տեղադրել` փակելով Հաճնցիների ճանապարհը:Աղմուկն ու աղաղակը բռնեց ամեն տեղ. թուրքերը կոտորել սկսան... Օգնության ոչ մի հույս չկար:Ամեն տեղ արյուն,ամեն տեղ կրակ և պղծություն.անկյուն չկար որ ազատ լիներ այդ հրեշների արհավիրներից… Թշնամու զորքերը,որ գնալով աճում և ամեն տեղ գրավում էին, բարբարոսաբար հրկիզեցին եկեղեցիները և գազանաբար ոչնչացրին 6000 հայ բնակիչների՝ չխնայելով անգամ ծերերին,կանանց և մանուկներին:Նահատակվեց նաև հիվանդանոցում վիրավոր պառկած Սարգիս Ճեպեճյանը, հազարավոր Հաճնցիներ անխնա կոտորվում են…Միայն 365 հոգու հաջողվեց կռվելով պատռել թշնամու շղթան և դուրս գալ այրված քաղաքից:

«Երեք հարյուր հայ քաջերով, Բոլոր զինված մոսիններով,

Դողան բեյին մենք ջարդ տալով, Հաճն ինկավՙ «Վրե՜ժ» գոռալով:»

Մինչև լիակատար շրջափակումը Հաճնից ուղարկված վերջին հեռագիրը եղել էր շատ աղերսագին,որտեղ մասնավորապես ասվում էր <<Եթե օգնություն Ադանայի Տավրոս օրաթերթը գուժում է Հաճընի անկումը՝ «ՀԱՃԸՆԸ ՈՉ ԵԻՍ Է»չը փութաք, գիտցեք, որ Հաճնը ջնջված է երկրի վրայեն»:Ադանայի Տավրոս օրաթերթը գուժում է Հաճընի անկումը՝ «ՀԱՃԸՆԸ ՈՉ ԵԻՍ Է»Դա ՜ռն էր այդ երկարատև պատերազմը և լի ցավալի աղետներով:Ավաղ, դրսից Հաճնին օգնելու ցանկություններն ու հույսերը չիրականացան:Հաճնցիք երկա՜ր սպասեցին ֆրանսիական օգնությանը, այն օդանավերին որոնք զենք եւ զինամթերք պիտի հասցնեին իրենց եւ ռմբակոծեին պաշարած թշնամու դիրքերը: Ֆրանսիական կառավարությունը դրժեց իր դաշնակցային պարտավորությունները և գաղտնի համաձայնության մեջ մտնելով Թուրքիային հանձնեց ոչ միայն Հաճնը,այլև ամբողջ Կիլիկիան:

Այսպիսով 1920-ի Հոկտեմբերի 15-ին զինամթերքը սպառած,սովի մատնված հերոս Հաճնը, մինչև վերջին շունչը պայքարելով, ութամսյա դաժան գոյապայքարից հետո ընկնում է անհավասար մարտում։ Բնակչությունը սրի է քաշվում: Երբեմնի 30-35 հազար հայ բնակչություն ունեցող Հաճնից մազապուրծ փրկվում է ընդամենը 365 հոգի,որոնք, արցունքոտ աչքերը հառելով իրենց ծննդավայրին,աղեկտուր մրմնջում էին.
- Մնաս բարո՛վ, ո՛վ սիրելի Հաճն,դյուցազնամարտի անսասան խորան…

-այսպես մահազդի ձևով Հաճնի անկման լուրը հայտնեց Ադանայի <<Տավրոս>> թերթը 1920թ. Հոկտեմբերի 24-ին:


Ո'չ, Հաճն անունը չի կարող ջնջվել.
Այն պիտի վերածնվի,այն էլ `մայր Հայրենիքում.

Հրապարակվել է՝ 03.06.2020
Էջը դիտել են 1174 անգամ


Օրիգինալ հղում՝


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: