Հաճընի հերոսամարտ

Հաճընի 1920 թ.  հերոսամարտը  հայ ժողովրդի պատմության ազատագրական պայքարի փայլուն,հերոսական և անմոռանալի էջերից մեկն է, ինքնահաստատման ու դաժան գոյապայքարի խոսուն վկան: 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոս քաղաքում կնքվեց զինադադար Անտանտի երկրների և Թուրքիայի միջև: Այդպիսով Թուրքիան պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում: Հետագայում Անտանտի երկրները ոչ մի քայլ չձեռնարկեցին իրագործելու համար Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կարող էին նպաստավոր լինել Հայաստանի համար, և Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը` հասնելով դրա փաստական վերացմանը:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո կենդանի մնացած և տարագրության ամբողջ դառնությունը ճաշակած 8000 հաճընցիներ վերադառնում են իրենց հայրենի օջախները` հայրենի ծուխը կրկին ծխեցնելու վճռականությամբ։

(img:174209676050781)

Վերադառնում են հավատալով Ֆրանսիայի խոստումներին`թե կարգ ու կանոնը  պիտի վերադառնա իրենց բնակավայրերը:Հաճընցիները ապագայի նկատմամբ վառ հույսով ու հավատով են լցվում: Մանավանդ Հաճըն այցելած ֆրանսիացի գնդապետ Նորմանը հավաստիացնում էր, որ «Ասկե ետք ամեն հաճընցի ազատ պիտի ապրի, և ոչ ոք պիտի չկրնա վնասել անոր»:Հաճընցիք ստացան հավաստիացումներ,որ ասպետական  Ֆրանսիան պիտի չլքի իրենց,որ ֆրանսիական զինյալ ջոկատները արդեն իսկ կազմ ու պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն փութալու Հաճընին: Իսկ Մարաշը նստավայր դարձրած ֆրանսիացի կառավարիչ Բրեմոնը հայտարարել էր,որ հեռու չէ այն օրը,երբ Ֆրանսիայի հովանու ներքո Կիլիկիա հայերին կտրվի անկախություն:

Հաճընցիները վերադառնում են իրենց հայրենի օջախները՝ այն ավերակների միջից բարձրացնելու:Պատերազմը թողել Էր իր ահավոր հետքերը:Երբեմնի շեն քաղաքից կանգուն էր մնացել միայն Սահակ-Մեսրոպյան ազգային վարժարանի շենքը։Բայց նորից շինարար,արարող հաճընցու բազկի շնորհիվ ավերակներից մի նոր Հաճըն հառնեց։ Նրանք շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնեցին ավերված քաղաքը` նաև մշակում են խոպանացած այգիները:Տենդագին սկսեցին վերանորոգել քաղաքը`բացելով նոր դպրոցներ,որբանոցներ,արհեստանոցներ:Շուկաները սկսել էին վերակենդանանալ, դպրոցները` նորոգված եւ դասավանդությունները վերսկսած էին: Հայկական բարեգործական ընդհանուր միության Դամասկոսի հաճընցիների համար բացված որբանոցը տեղափոխված էր Հաճըն:                                                                        Սակայն հաճընցուն բախտ չէր վիճակված  վայելել իր աշխատանքի պտուղները։

Փետրվար էր, 1920 թվական… մութ ամպերը սկսել էին կուտակվել Հաճընի վրա: Հաճընը հուսահատված Էր դրսից եկող լուրերով։Մարաշի հաջողությունից ոգևորված թուրքական սպաներն ու բազմաթիվ լրտեսներ ծրագրեր էին կազմում` մտադրություն ունենալով Հաճընը պաշարել:

Շուտով թուրքական վտանգը դառնում է բացահայտ. սույն թվականի փետրվարի 22-ին Հաճըն հասած քուրդ բարեկամը տեղեկացնում է, որ «Այս առավոտ թուրքերը կհավաքվին շրջակա գյուղերը, կզինվին և կսպասեն ձյունհալին՝Հաճընո վրա հարձակվելու համար»:Եվ դարձյալ հաճընցիների խանդավառությունը կարճ է տևում։ Հակառակորդի կարծիքով «Կիլիկիո հայկական միջնաբերդը`Հաճընը,հիմնովին կործանելն ու բնաջնջելը երկու ժամվա գործ է եւ աննշան հարձակումով մը պիտի կրնան թաղել 8.000 հայությունը»: Հաճընցիները գիտակցում էին,որ այդ խուժադուժները,եթե ամայի և անմարդաբնակ տեսնեին քաղաքը, չարաչար պիտի պղծեին ու ավերեին այն`իր վանքերով,որպեսզի փախչողների սիրտը կսկծացնելով վրեժ լուծեին նրանցից:

Սակայն հաճընցիները լի էին վճռականությամբ: Նրանք, տեսնելով վերահաս աղետը, որոշում  են   դիմագրավել կազմակերպված՝զենքը՝ձեռքներին:Հաճընի բնակիչները իրենց կառավարիչ՝ փաստաբան Կարապետ Չալյանի ղեկավարությամբ կազմեցին Հաճընի ինքնապաշտպանության բարձրագուն խորհուրդ: Ինքնապաշտպանության կենտրոնատեղի է դառնում  Սբ. Աստվածածին եկեղեցին: Հաճընում ստեղծված «Ինքնապաշտպանութեան բարձրագույն ժողովը» նախագահում է Հաճընի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Պետրոս Սարաճեանը:Ինքնապաշտպանության Բարձրագույն ժողովի հրամանով զենք կրելու ընդունակ  15-60 տարեկան բոլոր հաճընցիները զինվորագրվում են: Շուրջ 600 հոգուց կազմվում են 4 վաշտ Կարապետ Օղլուգյանի, Մեսրոպ Շխրտմյանի, Մկրտիչ Մանասյանի, Վահան Ալթունյանի հրամանատարությամբ և   60 հոգուց բաղկացած հեծյալ մի ջոկատ (Էսկադրոն)` Պետրոս Թերզյանի ղեկավարությամբ,որոնք կանոնավոր մարզվում են: Ստեղծվեցին Կարմիր խաչի կազմակերպություն,պաշտպանությունն ապահովող այլ մարմիններ: Բնակչությանը բաժանվում է եղած-չեղած 132 հրացան: Հաճընը և շրջակա շրջանները բաժանվեցին 4 պաշտպանական դիրքերի,փորվեցին խրամատներ և այլ ամրություններ,քաղաքում հաստատվեց պարետային ժամ,գիշերային պահակներ կարգվեցին ճանապարհների հանգույցներում: Ստեղծվում է նաև <<Զինվորական բարձրագույն մարմին>>զինվորական հրմանատար է նշանակվում ազգային հերոս Անդրանիկի նախկին զինակից սպա Սարգիս Ճեպեճյանը, հեծյալ ջոկատ` Արամ Կայծակի ղեկավարությամբ,որի  «Վրեժ» խմբի   պարտականությունն էր օգնության հասնել վտանգված դիրքերին:

 

Մարտական տրամադրությունը և վրեժխնդրության զգացումը համակում է բոլորին:Հաճընցիների հազիվ խաղաղված կյանքը նորից փոթորկվում է:Այր ու կին, մանուկ ու ծեր, թողնելով իրենց տունն ու այգին, ելնում են պաշտպանելու իրենց պատիվն ու արժանապատվությունը, կռվով դիմադրելու թշնամու բազմահազար զորքին: Բոլորը լծվում են ազատության պայքարի նվիրական գործին.ամենքն  էլ  պատրաստվում էին  օրհասական կռվի:Ամենուրեք հնչում են ազատատենչ երգեր.

Հառա՛ջ, հառա՛ջ, հաճընցինե՜ր,

Մեր ոխերիմ թուրքն է եկել,

Հառա՛ջ, կռվե՛նք՝ ի զե՜ն, ի զե՜ն.

Տեսնենք ի՞նչ կուզե թշնամին:

Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչները Կիլիկիայում` Թեյարտային և գնդապետ Բրեմոնը, վարելով երկդիմի քաղաքականություն,խոստացան ինքնապաշտպանության համար տրամադրել զենք ու զինամթերք,սակայն բավարարվեցին ընդամենը  300 հրացան ուղարկելով:Բայց Հաճընի պաշտպանության ղեկավարները գոհ էին անգամ դրանից,քանի որ իրենց ունեցած 132 հրազենով դժվար թե կարողանային երկար դիմանալ:Երբ ամեն ինչ պատրաստ էր ժողովրդին խրախուսելու համար մարտի 5-ին կազմակերպվեց Հաճընի զորահանդես:Ինքնապաշտպանության 4 վաշտեր գրավեցին մարտական դիրքերը:Բայց հակառակորդն էլ իր հերթին էր պատրաստվում:Թուրք էմիսարները հաճընցիների դեմ էին հանում շրջակայքի քրդերին և չեթեններին:Այս օրհասական պայմաններում Հաճընի բանաստեղծ Մարտիրոս Ոսկյանը,երբ հարազատ Հաճըն քաղաքին օգնելու նպատակով Եգիպտոսից հայրենիք էր շտապում, թուրքերը նրան սպանում են: Մարտի 9-ին հաճընցիները կրկին պատվիրակություն են ուղարկում Կիլիկիայի վարչապետ ֆրանսիացի կառավարիչ Բրեմոնին` խնդրելով օգնություն և զենք:Վերջինս Միհրան Տամատյանին հեռագրեց <<Ֆրանսիական իշխանությունները ի վիճակի չեն ներկայիս որևէ զինվորական ուժ ղրկելու Հաճըն,կխորհիմ,թե հազարի չափ քաջակորով անձինք հոն պիտի կրնան դիմանալ թուրքական կանոնավոր զորքին>>: Օգտվելով ֆրանսիական զինվորական վարչության անտարբերությունից եւ անվճռականությունից` թուրքական տասնյակ հազարավոր զորքն իր զենքն ուղղում է Հաճընի հայության դեմ: Գրավելով շրջակա գյուղերը` թշնամին շարժվեց դեպի Հաճըն:Թուրքական զորքերի հրամանատարը` Գոզան օղլու Դողան բեյը,փորձում էր խորամանկությամբ համոզել հաճընցիներին անձնատուր լինել:1920 թ. Մարտի 17-ին Գոզան օղլու Դողան բեյը հայտարարեց,որ  հայերը կճնշվեն միայն դիմադրելու դեպքում և խոստացավ խնայել հաճընցիների կյանքը,եթե հանձնվեն: Բանակցությունների համար ուղարկվեց 4 բանագնաց: Հաճընի ինքնապաշտպանությունը կազմակերպողները չէին կարող թուրքական կառավարությանը վստահել քաղաքի բնակչությանը,որովհետև աչքի առաջ ունեին 1915թ.–ի կոտորածը:Եվ քաջարի հաճընցիները պատասխանում են. «Մենք գիտենք ձեր ծրագրի իրական նպատակները՝ ջարդել,քանդել ու մոխրի վերածել այն,ինչ որ հայկական է։ Մենք չենք հանձնվի մինչև վերջին մարդը»:

Հաճընցիների համառությունից կատաղած թուրքական հրամանատարությունը 1920 թվականի մարտի 28-ին սկսում է թուրքական կանոնավոր բանակի հարձակումը: Դողան բեյի զորքերըիրենց ռազմական ահարկու պատրաստություններով, ոչ միայն քաղաքը գրավել չկարողացան,այլ շատ դեպքերում պաշարվածներից չարաչար ջարդ կերան:Զինված ուժերի հրամանատար Սարգիս Ճեպեճյանի հմուտ ղեկավարությամբ հաճընցիք շահում են առաջին ճակատամարտը։

Շեփորդ հնչեցու՛րհերո՛ս  Ճէպէճի,

Հաճընցի ծընանքմեռնինք հաճընցի:

 

Ապրիլի 1-ին  թուրքերն անցան նոր հարձակման,սակայն հարյուրավոր զոհեր տալով, ստիպված են լինում ետ նահանջել։

Ապրիլի 3-ին   թշնամի խուժանը արդեն քաղաքը ամբողջությամբ շրջապատել էր:Հետևյալ առավոտ`դեռ արևը չծագած,Դողան բեյը նորից իր զորքերով դեպի քաղաքը  շարժվեց:Մի գրոհին հաջորդում էր մյուսը,սակայն թուրքերի գրոհները իրենց նպատակին  չէին հասնում:Ապրիլի 10-ին  թուրքական զորքը գրոհեց Գոփուշ կոչվող թաղամասը:Երկուստեք լինում են բազմաթիվ զոհեր,բայց արծվաբույն Հաճընի ոգին դարձյալ անկոտրուն էր:

Նշանավոր է Ապրիլի 12-ին Կիլիկիա թաղում 5 ժամ տևած ճակատամարտը։Արամ Կայծակի և Արշակի գլխավորությամբ անհավասար կռվում հայերը տանում են մի հաղթանակ, որը ստիպում է Դողանին  զինադադար խնդրել`վիրավորներին հավաքելու նպատակով:

Իսկ թուրքերն իրենց առաջին հաղթանակը տարան Սբ. Հակոբ վանքի կռվում: Այստեղնշանավոր է որբանոցի սաների խոսքերը.

—Վաղ թե ուշ պիտի մեռնեինք,բայց  հավիտենական չէր լինելու մեր կյանքը։ Օրհնենք աստծուն,որ արժանի արավ մեզ շահավոր կերպով մեր մահկանացուն կնքելու։

Եթե այս սուրբ տաճարի Հիմքերը մեր արյամբ ներկելով ավելի պիտի ամրանանև եթե եկող սերունդները`շեն գտնելով այս կամարներըպիտի աղոթեն նրանց մեջ և այդ աղոթքըերկնքից պիտի իջեցնե  հայոց երկրի վրա հավիտենականի օրհնություն,ապա ուրեմներջանիկ ենք մենքոր պիտ զոհվենք այս սուրբ գործի համար:

Գնանք մեր սրբազանպարտքը կատարելու…

Անփորձ որբուկները գերմարդկային հերոսությամբ երկու ժամ դիմագրավեցին անհավասար կռվում:Մի քանի ժամվա ռմբակոծությունն ավերեց միայն վանքի գմբեթը,պատերն անդրդվելի էին:

Գոզան օղլու Դողանը համառությամբ շարունակում Է քաղաքի պաշարումը`կարծելով,որ եթե  զենքի  ուժով չկարողանա  գրավել,ապա գոնե քաղցը  և  սովը  կստիպեն անձնատուր  լինել:Բայց  քաղաքի  ամբարներում  դեռ բավարար   պաշար կար:

Եւ այսպես օրերը, շաբաթները, ամիսները սահեցին ու հաճընցին, անընդհատ կատաղի կռիվներ տալով, կառչած մնաց իր հողին: Ցավոք ինքնապաշտպանության դիմած հաճըցիների  համար որոշ ժամանակ անց ընդհատվում է Սիսից եկող ռազմամթերքի մատակարարումը:

Զինվորների խիստ պակասից նեղվում էր հերոս Հաճընը։Այդուհանդերձ նրանց պաշարման առաջին ամիսների ընթացքում նրանք 27 տարբեր հարձակումներ ետ մղեցին,կարողացան անցնել թուրքական զորքերի թիկունքը՝փախուստի մատնելով գերակշռող թշնամուն: Տղամարդկանց հետ ուս ուսի քաջաբար մարտնչում էին նաև կանայք ու պատանիները:

 

Սաղր-Պայիլի բարձունքում հազարավոր թուրք զինվորների դեմ մարտնչում էին մի քանի տասնյակ հայեր:Երբ բարձունքում մի քանի ընկերների հետ հայտնվում է պաշտպանության հրամանատար Սարգիս Ճեպեճյանը,գոչում է

-Տղերք առա՜ջ…

մեծանում է ոգևորությունը. Հայ կտրիճները կրկնապատկում են իրենց եռանդը և վանում թշնամուն բարձունքի շրջակայքից:

 

Շեփորդ հնչեցու ՛րհերո՛ս Ճէպէճի,

Գայլին դէմ առիւծ ՝ ամէն հաճընցի:

 

Հերոսաբար էին կռվում բոլորը։Հատկապես արժե հիշել Պետրոս Արքեճյանին, որի մարմնի մեջ մտել էր երկաթի 25 կտոր։Հերոսին տանում են հիվանդանոց:Շատ վիրավորների կյանք փրկած բժիշկ Թերզյանը հանում է ռումբի ծվենները,բացի մեկից, որը և Պետրոսին դարձնում է կաղ:

Դեռ նա հիվանդանոցում էր,երբ հուլիսի 13-ին տեղի է ունենում թուրքերի ամենախոշոր հարձակումը:Վիրավոր,նա փախչում է հիվանդանոցից,կռվում զինվորների հետ: Մարտից հետո նա հանգիստ վերադառնում է հիվանդանոց,պառկում մահճակալին` ի զարմանս քաղաքի ողջ բնակչության:

Հուլիսի 14-ի` լուսաբացին, թշնամին հրետանու հուժկու կրակի ուղեկցությամբ դարձյալ անցավ գրոհի, որի արդյունքում հաճընցիներին միայն ուժերի ծայրահեղ լարումով ու գրեթե ամենուր բռնկված ձեռնամարտի գնով հաջողվեց չորսժամյա մարտում ետ շպրտել թշնամուն: Նույն օրը` կեսօրին, թշնամին հարձակման անցավ Կիլիկիո թաղամասի ուղղությամբ, սակայն վեցժամյա մարտից հետո նույնիսկ սեփական զինվորների գնդակահարող թուրքական սպաները չկարողացան կասեցնել յուրայինների նահանջը: Այս մարտում աչքի ընկավ հատկապես Արամ Կայծակը (Թերզյանը):

Հաճընցիների հաղթությամբ ավարտված ճակատամարտից հետո,հարձակման ղեկավարներից Ալի Սայիդը շնորհավորում է Արամ Կայծակին հետևյալ խոսքերով.«Բռավո, հաճընցիներ, վաղ թե ուշ պիտի մեռնեիք մեր սրի տակ, բայց անուրանալի է ձեր քաջությունը, և այն դյուցազնական կռիվը,որ մղեցիք երեկ,իսկապես հիացմունքի մատնեց զիս։ Կը շնորհավորեմ»:

Կատաղած Դողան բեյը հեռագրում է Կիլիկիայի գրավման ընդհանուր հրամանատար Մուսթաֆա Քեմալին.«Մեր հարձակումները ապարդյուն անցան։ Հաճընը գրավել անկարելի է։ Պիտի սպասեմ, որ քաղցած և ուժասպառ անձնատուր լինեն»:

Նման անձնվեր պայքարով արդեն հինգ ամիս մի բուռ հաճընցիներ անընդհատ կռվելով թուրքական բազմահազար զորքի դեմ ամեն դժվարություն կրեցին, բայց թշնամու առաջ չխոնարհվեցին:

Պաշարված քաղաքի բարոյական մթնոլորտը բարձր Էր։ Այր և կին վառված Էին հայրենասիրության ջերմ ոգով:Անձնազոհությունը չափ և սահման չուներ։Հաճընցիները միմյանց հանդեպ վարվելու նշանաբան ունեին՝«Եղբայր ենք»: Ամեն տեղ աշխատանքը եռում Էր.ամենքն  Էլ  մասնակցում Էին մի  որոշ գործի և մեկը մյուսին աշխատում Էր գերազանցել։

Զիջողություն, հանդուրժողականություն,կամավոր զոհաբերումներ և հավատ: 1000-ից ավել մարտիկները հանձնվելու մասին չէին մտածում:

Սակայն 5-րդ ամսից քաղաքում սկսվում է սովը… սովը,սարսափելի   սովը   տիրում էր  քաղաքի ներսում,որի հետ այլևս հնար չկար մարտնչելու և պաշտպանների վիճակը օրեցօր հուսահատական էր դառնում:

Ամեն տեղ տիրեց քաղցը`թշվառություններից դառնագույնը…Վերջացել էր պարենը և սնվում էին տրեխացու կաշիով,ծառի կեղևով ու տերևով:Մարդիկ, իրենց ունեցածն սպառելով, ցրվեցան դաշտերը,որպեսզի գոնե կանաչ խոտ կամ բանջար ճարելով քաղցերն անցկացնեն։Չնայելով,որ որոշ մարդիկ այդ խոտաճարակներից մեռնում էին վնասակար խոտեր ուտելուց, այնուամենայնիվ քիչ ժամանակ հետո դաշտերի ու լեռների կանաչը ևս սպառվեց։ Օրհասական տագնապը այն աստիճան կատաղության հասավ,որ սովի  խելագարության մեջ ոմանք ստիպված սկսում են ուտել անսուրբ կենդանիներ,այն է`ձի,կատու, շուն, մինչև անգամ  որդեր, ճիճուներ…

Այսպիսի անմխիթար վիճակում,երբ ապրելը հերոսություն էր դարձել, Հաճընը շարունակում էր դիմադրությունը նույնիսկ լիակատար շրջափակման մեջ:

Անցավ համարյա մի ամբողջ ամիս…Բազմաթիվ զրկանքների ենթարկվելով` հաճընցիները չեն հանձնվում և չեն թողնում իրենց պապերի քաղաքը:

Նաև զինամթերքի  չափազանց խիստ պակաս կար, բայց մնում էր ոգին`պատվով կռվելու ու մեռնելու վճիռը:

Հաճընցին կռվում ու զոհվում էր ոչ միայն իր պաշտելի քաղաքի համար,այլ նաև ամբողջ Կիլիկիայի եւ ամբողջական Հայաստանի համար,քանի որ Հաճընը համարվում էր Կապադովկիայի կողմից Կիլիկիայի դարպասը, ուստի Հաճընը պիտի կասեցներ Թուրքիայի մուտքը դեպի հայկական Կիլիկիա:

Արտաքին աշխարհի հետ կապը խզված էր:Դրսից ոչ մի օգնություն չստանալով` հերոս հաճընցիները այսպես անօգնական վիճակում կարողացան հարձակում ձեռնարկել օգոստոսի 5-ին։ Վիրավոր Սարգիս Ճեպեճյանի մահճի շուրջ հավաքվել էր ինքնապաշտպանության կոմիտեն և հարձակում էին ծրագրել ընդհանուր ղեկավար նշանակելով Արամ Կայծակին։

Փոխ հրամանատար քաջն Արամ Կայծակ, 

Երեսուն անգամ միշտ նախահարձակ, 

Թշնամի խուժանն, ոչխարի նման  

Իր ահեղ սուրով արավ ցիրուցան: 

Շանթերդ արձակե,ո՜վ Արամ Կայծակ, 

Հերոս Հաճընի արժանի զավակ:

                                                                              Ժ.Կառվարենց

Սկսելով հարձակումը օգոստոսի 5-ին մոտ 200 կամավոր` Կայծակ Արամի  (Թերզյան) ղեկավարությամբ, աննկատ մոտեցան թուրքական դիրքերին. անձնվեր,խիզախ գործողություններով հաճընցի քաջերը ոչնչացրին հակառակորդի դասակը,օգոստոսի 6 գիշերը` լույս 7-ին, գրավում են  Տոնուզ–Սեքե բարձունքի վրա գտնվող թուրքերի թնդանոթը` 350 ռումբերով. սա ոգևորության այնպիսի ալիք է բարձրացնում,որ ողջ բնակչությունը տեղափոխվում է այնտեղ։Թուրքերն սկսում են փախչել,կարծելով,թե օգնական ուժեր են ստացել հաճընցիք,իսկ ծանր հրանոթը փոխադրեցին հաճընի հրապարակ,որի գրավումով հնարավոր է  դառնում ազատ երթևեկը քաղաքի ներսում:

Վերախմբավորելով ուժերը՝ հաճընցի կամավորները լուրջ վնաս պատճառեցին թշնամուն: Համառ մարտերց հետո նույնիսկ գրավեցին Ռումլու գյուղը:

Ութ ամիս շարունակ առանց որևէ օգնության հաճընցիները մինչեւ վերջին շունչը պայքարելու վճռականությամբ դիմադրում են թուրքական զորքի գրոհներին:

Ամբողջ ութ ամիս,պայքար անմոռաց,

       Արծիվների բույն Հաճընը գոռաց:

Շեփորդ հնչեցու՛րհերո՛ս Ճեպեճի,

       Վճռեր է կռուիլ ամէն հաճընցի:

 

Դողան բեյը հեռացվում է պաշտոնից,քանզի խիստ դժգոհ էր Մուսթաֆա Քեմալը`<<Հինգ հազար սնդուկ փամփուշտը ինչպես սպառվեց, որ ռազմամթերք եք պահանջում>>,-  Ցասկոտ հեռագրում է թուրք հրամանատարությանը:Նրա նոր հրամանը կտրուկ էր.<< Ինչ գնով էլ լինի գրավել քաղաքը>>:Անպատվություն էր կանոնավոր զորքով ութ ամիս չկարողանալ կոտրել մի բուռ սովահար հայերի դիմադրությունը:Ալի Սայիմ  բեյի գլխավորությամբ թշնամին նորանոր թնդանոթներով ու զինամթերքի մեծ պաշարով համալրում է իր  ուժերը:Խոշոր համալրումներ ստացած թուրքական զորքը աստիճանաբար սկսեց սեղմել օղակը:Ֆրանսիան ոչ միայն չի ուղարկում խոստացված օգնությունը,այլ նաև սեպտեմբերին 22-ին Ախարճայում զինաթափում է Ադանայից եկող շուրջ 300 հոգուց կազմված հայ կամավորական խումբը, որոնք գալիս էին օգնության հասնելու պաշարված հաճընցիներին։Սրանով էլ կտրվում է կործանման դատապարտված հերոս Հաճընի հույսի վերջին աղբյուրը։Չստանալով ֆրանսիացիների խոստացած աջակցությունը` ողբերգական այդ օրերին հաճընցիների հոգում վերազարթնեց դարերի խորքից ժառանգաբար արյան հետ եկող «Գիտակցյալ մահ» հասկացությունը եւ բռնությանը միահամուռ ուժով դիմադրելու հերոսացման իր խիզախ ուղին:Ալի Սայիմ  բեյի գլխավորությամբ թուրքական նոր համալրված զորքը հոկտեմբերի 15-ին` ճակատագրական այդ օրը, անցավ նոր` կատաղի և վճռական հարձակման բոլոր ուղղություններով: Թնդանոթային ուժեղ ռմբակոծության է ենթարկվում քաղաքը: Դա՜ռն օրհասը ժամանեց հաճընցիների. հրետանու ավերիչ կրակոցների հեղեղից  ավերվեցին հսկա Հաճընի քարաշեն տներն ու դիրքերը: Հարյուրավոր քաջարի մարտիկներ,որոնք արդեն երեք օր է ոչինչ չէին կերել, ընկնում են դիրքերում` զենքը` ձեռքներին:Թուրքերին հաջողվում է ներխուժել Հաճընի հարավային մաս և հրդեհել շրջակա տների մեծ մասը: Ոճրագործ թուրքերը ներխուժում են քաղաք` հաճընցիների բնաջնջումն իրականացնելու իրենց հրեշավոր ծրագրով: Ավերվում, հրդեհվում են բազմաթիվ շինություններ,սկսվում է խուճապ,փախուստ: Խուճապահար ժողովուրդը  շարժվում է դեպի քաղաքի հնարավոր ելքերը, բայց թշնամին ամենուրեք գնդացիրներ էր տեղադրել` փակելով հաճընցիների ճանապարհը:Աղմուկն ու աղաղակը բռնեց ամեն տեղ. թուրքերը կոտորել սկսան… Օգնության ոչ մի հույս չկար:Ամեն տեղ արյուն,ամեն տեղ կրակ և պղծություն.անկյուն չկար որ ազատ լիներ այդ հրեշների արհավիրներից… Թշնամու զորքերը,որ գնալով աճում և ամեն տեղ գրավում էին, բարբարոսաբար հրկիզեցին եկեղեցիները և գազանաբար ոչնչացրին 6000 հայ բնակիչների՝ չխնայելով անգամ ծերերին,կանանց և մանուկներին:Նահատակվեց նաև հիվանդանոցում վիրավոր պառկած Սարգիս Ճեպեճյանը, հազարավոր հաճընցիներ անխնա կոտորվում են…

 

Նրանք ընկան՝ կանչելով աստված.

Իրենց եկեղեցու շեմին կամ դռան առջև իրենց տան,

Որպես հուր անապատի՝ երերուն ամբոխով ընկան,

Տապալված ծարավիցկրակիցքաղցիցերկաթից…

Ոչ ոք չբարձացրեց  ձայնը անհոգ այս աշխարհում

Այն ժամանակերբ կործանվում էր մի ժողովուրդ

Իր իսկ արյան մեջ։

                                                               ՇԱՌԼ  ԱԶՆԱՎՈՒՐ

Բուն քաղաքը կռվի և արյան դաշտ Էր դարձել,թուրք վայրագները բնակչության ունեցվածքը անխնա կեղեքում են,իսկ հետո հրդեհում են գեղեցիկ Հաճընը…       Միայն 365 հոգու հաջողվեց կռվելով պատռել թշնամու շղթան և դուրս գալ այրված քաղաքից:

Երեք հարյուր հայ քաջերով,

Բոլոր զինված մոսիններով,

Դողան բեյին մենք ջարդ տալով,

Հաճըն ինկավՙ «Վրե՜ժ» գոռալով:

 

Մինչև լիակատար շրջափակումը Հաճընից ուղարկված վերջին հեռագիրը եղել էր շատ աղերսագին,որտեղ մասնավորապես ասվում էր <<Եթե օգնություն չը փութաք, գիտցեք, որ Հաճընը ջնջված է երկրի վրայեն»:

Դա ՜ռն էր այդ երկարատև պատերազմը և լի ցավալի աղետներով:Ավաղ, դրսից Հաճընին օգնելու ցանկություններն ու հույսերը չիրականացան:Հաճընցիք երկա՜ր սպասեցին ֆրանսիական օգնությանը, այն օդանավերին որոնք զենք եւ զինամթերք պիտի հասցնեին իրենց եւ ռմբակոծեին պաշարած թշնամու դիրքերը: Ֆրանսիական կառավարությունը դրժեց իր դաշնակցային պարտավորությունները և գաղտնի համաձայնության մեջ մտնելով Թուրքիային հանձնեց ոչ միայն Հաճընը,այլև ամբողջ Կիլիկիան:

Երբ որ բացուին դռներն հուսոյ

Եւ մեր երկրեն փախտա ձմեռ

Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա ,

Աշխարհ,որ ինձ ետուր արեւ

                                                                   ՆՌուսինյան

Այսպիսով 1920-ի Հոկտեմբերի 15-ին զինամթերքը սպառած,սովի մատնված հերոս Հաճընը, մինչև վերջին շունչը պայքարելով, ութամսյա դաժան գոյապայքարից հետո ընկնում է անհավասար մարտում։ Բնակչությունը սրի է քաշվում: Երբեմնի 30-35 հազար հայ բնակչություն ունեցող Հաճընից մազապուրծ փրկվում է ընդամենը 365 հոգի,որոնք, արցունքոտ աչքերը հառելով իրենց ծննդավայրին,աղեկտուր մրմնջում էին.

—         Մնաս բարո՛վ, ո՛վ սիրելի Հաճըն,դյուցազնամարտի անսասան խորան…

 

<<Հաճընը ոչ ևս է>>

-այսպես մահազդի ձևով Հաճընի անկման լուրը հայտնեց Ադանայի <<Տավրոս>> թերթը 1920թ. Հոկտեմբերի 24-ին:

ՈչՀաճըն անունը չի կարող ջնջվել.

Այն պիտի վերածնվի,այն էլ `մայր Հայրենիքում.


Օրիգինալ  https://www.facebook.com/groups/438197792909220